ԲՈԼՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՆՐԱՔՎԵ


ԱՌԱՋԱՐԿ

Ելնելով մարդկության խաղաղ գոյակցությունն ապահովելու գերագույն մտահոգությունից, նաև գիտակցելով, որ ներկա պայմաններում անհնարին է ոչնչացման զենքեր արտադրող և դրանց վաճառքով զբաղվող տերություններից պահանջել, որ նրանք դադարեցնեն այդ մահաբեր բիզնեսը, գործունեության այդ ոլորտի համեմատաբար կարգավորման համար ներկայցնում եմ հետևյալ առաջարկը.

1. Տերություններն իրար հետ  ամեն տեսակի զենքերի առքուվաճառքի պայմանագրեր կազմելիս որպես առաջնահերթ պարտադիր պայման պետք է արձանագրեն, որ ձեռք բերված զենքերը պարտավոր են գործածել ՄԻՄԻԱՅՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ նպատակներով:
Հայտնի է, որ նմանատիպ հղում կա զենքի առքուվաճառքի միջազգային պայմանագրերում, բայց նաև հայտնի է, որ այդ պարտավորության իրագործումը չափազանց նվազ է, կամ հասնում է գրեթե զրոյականի, վերածվելով մի տեսակ բարոյական քարոզի, մինչդեռ զենք ձեռք բերող երկրների մեծամասնությունը իրենց շահը մշտապես շատ ավելի վեր են դասում իրենց բարոյականությունից, որի գոյությունը դառնում է լրիվ կասկածելի:

2. Առանց բազմաթիվ ակնառու փաստեր վկայակոչելու, որոնք առատորեն սփռված են մեր իրականության մեջ և առանց հիմնավորումների մանրամասնությունների մեջ մտնելու, առաջարկում եմ հետևյալը.
Ինչպես մահաբեր զինատեսակներ արտադրող, այնպես էլ դրանք ձեռք բերող երկրին (երկրներին), որը (որոնք) ագրեսիվ ոտնձգությունների, կամ էլ բացահայտ ագրեսիայի, նաև ահաբեկչական նպատակներով, ինչպես նաև ցեղասպանության, կրոնական ու ազգային անհանդուրժողության հողի վրա թշնամանք բորբոքելու նպատակով գործածի (գործածեն) զանգվածային ոչնչացման այդ զենքերը, ինչպես նաև այն զինատեսակները, որոնք «զանգվածային ոչնչացման» կատեգորիայի տակ չեն մտնում, բայց գործածվում են վերոհիշյալ նպատակներով, և նույնատիպ աղետներ են բերում, նոր ամրագրվելիք միջազգային օրենքով, եթե նման օրենք հնարավոր է, կամ պայմանագրային միանգամայն անկատար դաշտը բարելավելու նպատակով  անբեկանելի ձևով պարտադրել՝ լիկվիդացնել տվյալ երկրի ողջ ռազմական զինանոցը: Այդ պարտականության իրագործման անմիջական հսկողությունը դնել անվերապահ լիազորություններով օժտված և իրագործման համապատասխան միջոցների տիրապետող բազմապրոֆիլ, հմուտ և հեղինակավոր միջազգային  հանձնաժողովի վրա, որպիսին կարող է լինել և' ՄԱԿ-Ի շրջանակում, և' դրանից դուրս:

Լիկվիդացնելու եղանակները կարող են տարբեր լինել՝ անհրաժեշտ ոչնչացումից մինչև օտարում, պահպանելով գլխավոր օրենքի, կամ պայմանագրի մեջ օրենքի ուժ ունեցող համապատասխան կետի պահանջները: Վաճառքից ստացված եկամուտները ներդնել տվյալ երկրի տնտեսության, կրթության, մշակույթի զարգացման ոլորտներում՝ ի նպաստ տվյալ երկրի ազգաբնակչության բարօրության: Այդ երկրի անվտանգության ապահովումը հանձնարարել նույն միջազգային հանձնաժողովին:

3. Ցանկալի է, որ Հայաստանը նման նախաձեռնություն հանդես բերի և վկայակոչելով համայն մարդկության խաղաղ գոյակցության անհնարին դարձած իրավիճակը, այդ գլոբալ խնդրի հիմնավոր լուծման ճանապարհը մատնացույց անի՝ քննարկման դնելով բոլոր երկրներում իրենց հասարակությունների հետ, համոզմունքով, որ կարող է համաշխարհային զանգվածային մի շարժում առաջանալ՝ ընդդեմ ռազմական ագրեսիայի, ահաբեկչության, ցեղասպանության, մանավանդ որ՝ մեր երկիրը հռչակվել է ցեղասպանության դեմ պայքարի դրոշակակիր:

Մասնավորաբար ակնկալում և խնդրում ենք աշխարհի ժողովուրդների հոգևոր առաջնորդներին՝ իրենց խաղաղասեր և հավատացյալ հետևորդների հետ միասին իրենց ձայնը միացնել մեր «Առաջարկի» միանգամայն բարի նպատակի իրագործման համար: Ակնկալում ենք Ֆրանցիսկոս Պապի, Կիրիլ Պատրիարքի, Այաթոլլա Խամենեի, Բուդդայական առաջնորդների, հրեական  և այլ համայնքների հոգևոր պետերի խաղաղասեր կամքը սատար բերել մեր «Առաջարկին», քանի որ այն բխում է հենց իրենց առաքելությունից:

Ռազմիկ ԴԱՎՈՅԱՆ
18.04.16

 

Նախաձեռնող խումբը այս «ԱՌԱՋԱՐԿԸ» մի քանի հիմնական լեզուներով տեղադրելով համացանցում, կոչ է անում խաղաղության կարոտ բոլոր ժողովուրդներին՝ առանց ազգային, ցեղային, կրոնական, սեռական ու տարիքային խտրականության, ինչպես նաև խաղաղության համար Նոբելյան մրցանակի արժանացած երկրների ղեկավարներին, գիտնականներին, արվեստագետներին, խաղաղության համար պայքարող հասարակական կազմակերպություններին ու անհատներին՝ մասնակցել այս համընդհանուր հանրաքվեին, իրենց «այո»-ն տեղադրել հետևյալ էլեկտրոնային հասցեում, նշելով անուն-ազգանունը, երկիրը և կապի որևէ միջոց՝ եթե այդպիսին գոյություն ունի:

ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ

1. ՎԻԼԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկկտոր, պրոֆեսոր

2. ՖԼՈՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ
«Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր

3. ԻՎԱՆ ԴՐԱՉ
Ուկրաինայի ժողովրդական բանաստեղծ, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

4. ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
«Հայոց աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր, Մանկավարժական գիտությունների դոկտոր

 

Բանաստեղծ, «Համագործակցության աստղ» մրցանակի դափնեկիր
Ռազմիկ Դավոյանին

Ես՝ որպես հայ մտավորական, ողջունում եմ Ձեր մարդասիրական առաջարկը և հուսով եմ, որ այն ճիշտ կընկալվի մարդկության և պետությունների կողմից:

Սերգեյ Համբարձումյան
Ակադեմիկոս
Ֆիզիկոմաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
19 սեպտեմբերի, 2016 г.